Պետք է առաքելություն ուղարկել ԼՂ. Միրզոյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հանդիպումը կայացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 42-րդ նստաշրջանի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Երկուստեք ընգծվել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման հետևանքներին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից ավելի քան 100 հազար փախստականների առաջնային կարիքներին արձագանքի ուղղությամբ։
«Նախարար Միրզոյանը կարևորել է տեղահանված շուրջ 21 հազար դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքի իրացումը՝ նշելով, որ նրանց մեծ մասի համար արդեն իսկ ապահովվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունը»,–նշում են ԱԳՆ–ից։
Այս համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է ՅՈւՆԵՍԿՕ-ի արագ արձագանքը և բռնի տեղահանված փախստական երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով կազմակերպության կողմից հրատապ առաքելության Հայաստան գործուղումը։
ԼՂ–ում մնացած ժառանգությունը պետք է պաշտպանել թալանից. Միրզոյանը` ՅՈւՆԵՍԿՕ–ում
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև փոխգործակցության օրակարգային նաև այլ հարցեր։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հանդիպումը կայացել է նոյեմբերի 9-ին Փարիզում` ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 42-րդ նստաշրջանի շրջանակներում։