Փաշինյանը Օ'Բրայենի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ դերը ՀՀ–Ադրբեջան խաղաղության գործընթացում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը
ՀՀ վարչապետը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի դերը Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում կարևոր է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Շեշտվել է 2023 թ. մայիսի 14–ի և հուլիսի 15–ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հավելել, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է նաև միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում է` մասնակցելու «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին, որն անցկացվում է նոյեմբերի 10–11–ը։