Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հիանալի զրույց է ունեցել Մակրոնի հետ

Նրանք անդրադարձել են նաև Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացման շուրջ։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է X–ի իր միկրոբլոգում` ավելացնելով, որ հիանալի զրույց է ունեցել Մակրոնի հետ։
«Մտքեր փոխանակեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացման և երկկողմ օրակարգի ամրապնդման, ԵՄ հետ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցերի շուրջ»,– նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Նա այսօր Փարիզում մասնակցելու է Խաղաղության 6-րդ համաժողովին: