ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանը կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հավաքածուն համալրել է նոր ցուցանմուշներով, որոնք փոխանցել է նրա հիշատակի հիմնադրամը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թանգարանի մամուլի ծառայությանը։
«Այսօրվա դրությամբ Առնո Բաբաջանյանի անհատական հավաքածուն 153 թանգարանային իրից է բաղկացած, որոնց թվում երաժշտական ձեռագրեր են, լուսանկարներ, նամակներ, աֆիշներ, ծրագրեր, նոտաների հրատարակություններ, դիպլոմներ, ձայնապնակներ և կոմպոզիտորի անհատական իրեր (անվանական գրիչ և կրակայրիչ)», – ասել է Երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգլովը։
Հիմնադրամի առավել արժեքավոր մասը Բաբաջանյանի ինքնագրերն են` 24 երաժշտական ձեռագրերը` կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, երգեր, որոնց թվում են նրա հայտնի «Հարսանիք», «Սատանայի անիվ», «Մեղեդի» գործերը։
Առավել հետաքրքիր ցուցանմուշներից է սյամիսեն ճապոնական երաժշտական գործիքի տեսքով ժամացույցը։ Այն կոմպոզիտորը բերել է Տոկիոյից, որտեղ 1974 թվականին մասնակցել է երգի միջազգային մրցույթի, արժանացել առաջին մրցանակի և «Աշխարհի լավագույն կոմպոզիտորի» կոչմանը «Սատանայի անիվ» երգի համար գրված երաժշտության համար։