ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կձևավորվի ազգային փորքմասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ։ Այս մասին Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Նա ընդգծել է, որ այժմ աշխատանքներ են տարվում նոր կառույցի ստեղծման ուղղությամբ, որում կներգրավվեն նաև Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներ։
Մանասյանը պատվիրակությանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, անդրադարձել առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին:
Հիշեցնենք, որ Հայաստանում բնակվում են մոտ 20 ազգության ներկայացուցիչներ, այդ թվում՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, հույներ, ասորիներ, ուկրաինացիներ, լեհեր, գերմանացիներ, հրեաներ, վրացիներ: Տարբեր տվյալներով՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կազմում են երկրի ընդհանուր բնակչության 2-4%-ը։