ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի գործով տուժող համարվող ոստիկանների մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Քիչ առաջ ծանոթացանք դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, ըստ որոնց՝ «տուժողներ» Հրաչիկ Խաչատրյանի և Վարդան Հովհաննիսյանի մարնի վրա բռնության որևէ հետք, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նշվածը ևս մեկ անգամ փաստում է Լևոն Քոչարյանի անմեղությունը և կարմիր բերետավորների ցուցմունքների անարժանահավատությունը»,– գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին առաջրդված մեղադրանքում նշված է, որ մեքենա նստեցնելուց առաջ նա ոտքերով հարվածել է ոստիկանության աշխատակիցներից մեկի` Հրաչիկ Խաչատրյանի ոտքերին, իսկ դրանից հետո էլ մեքենայում մեկ այլ ծառայողի (Վարդան Հովհաննիսյանի- խմբ.) նկատմամբ է բռնություն կիրառել։ Առկա տեսանյութերում երևում է, որ բերման ենթարկելու ժամանակ Հրաչիկ Խաչատրյանը գտնվում է Լևոն Քոչարյանի մեջքի կողմում և ոտքերով հարվածներ չի ստանում։ Հակառակը` կադրերում երևում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լևոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարք է կիրառում մեքենա նստեցնելու ժամանակ։
Մեկ այլ կադրում էլ երևում է, որ արդեն մեքենայի մեջ նույն Հրաչիկ Խաչատրյանը և ևս 2 ոստիկան հարվածներ են հասցնում Լևոն Քոչարյանին, իսկ այդ ընթացքում վերջինս ձեռքերով պահում է գլուխը։ Ըստ մեղադրանքի` ոստիկանները մեքենայում հորդորել են Քոչարյանին չհայհոյել և իրեն հանգիստ պահել, այնինչ մեքենա նստելուց ընդամենը 2 վայրկյան անց նրան հարվածներ են հասցվում։
Ավելի վաղ հայտնել էինք, նաև որ Լևոն Քոչարյանը նոյեմբերի 6-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ է ստացել, ինչից հետո ազատ է արձակվել կալանավայրից։ Նա մանդատը վերցնելու համար խորհրդարանում երդվելու է նոյեմբերի 13-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ։