Իսրայելը մտադիր է մշտական ռազմական վերահսկողություն պահպանել Գազայի հատվածում. Նեթանյահու

Սահմանամերձ շրջանների իշխանությունները վարչապետից հստակություն են պահանջել, թե ինչ է լինելու Գազայի հատվածի հետ ընթացիկ ռազմական գործողության ավարտից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Իսրայելական բանակը պետք է մշտական վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի նկատմամբ և չհանձնի այն արտաքին ուժերին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գազայի մերձակայքում գտնվող մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ynet հարթակին։
Դրա տեղեկության համաձայն՝ սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունները վարչապետից հստակություն են պահանջել, թե ինչ է լինելու Գազայի հատվածի հետ իսրայելական ուժերի ընթացիկ ռազմական գործողության ավարտից հետո:
«Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը կպահպանեն վերահսկողությունը հատվածի նկատմամբ, մենք այն չենք տա արտաքին ուժերին», - ի պատասխան ասել է Նեթանյահուն:
Դրանից հետո հարթակը հրապարակել է Իսրայելի վարչապետի գրասենյակի մեկնաբանությունը, որի համաձայն՝ Նեթանյահուն ասել է տեղական խորհուրդների ղեկավարներին, որ «Իսրայելը Գազայի հատվածի նկատմամբ անվտանգության վերահսկողություն կիրականացնի, ներառյալ լիակատար ապառազմականացումը, որ երաշխավորի, որ Գազայից այլևս սպառնալիք չի ծագի Իսրայելի քաղաքացիների համար»:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։