ՀՀ–ն պատրաստ է ավարտել բանակցություններն ու խաղաղության պայմանագիր կնքել. ԱԽ քարտուղար

Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ այս պահին կառավարության համար կարևոր է, որ հստակեցվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի բանակցություններն ավարտին հասցնել և խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան–Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը։ Մենք պատրաստ ենք խաղաղության։ 2021 թվականին ընտրություններին գնացել ենք խաղաղության օրակարգով և մանդատ ենք ստացել խաղաղության հաստատաման համար։ Մենք այս պահին ուզում ենք, որ հստակեցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, հրապարակային հաստատվի 29,800 ք/կմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և 86,600 ք/կմ Ադրբեջանը»,– ընդգծեց ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը նաև նշեց, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքի հիման վրա` իրավազորության, փոխադարձության, հավասարության և սուվերենության։ Ըստ նրա` սրանք կարևոր սկզբունքներ են, որոնց շուրջ Հայաստանը պատրաստ է բանակցություններն ավարտին հասցնել, ինչպես նաև լուծել հումանիտար բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Կարևոր հարցերից մեկը բոլոր գերիների վերադարձն է ու խաղաղության հաստատումը։
Կարծում եմ` Ալիևը ժամանակ չի գտել. Միրզոյանը՝ Բրյուսելի չեղարկված հանդիպման մասին
«Հայաստանը պատրաստ է այս օրակարգով շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնական կետի ու կնքել խաղաղության պայմանագիրը», - ընդգծեց ԱԽ քարտուղարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում պետք է տեղի ունենար Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում, սակայն այն չկայացավ, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցությունից։