ՀՀ–ն անվերապահորեն հանձնառու է ժողովրդավարությանը. փոխարտգործնախարար

«Ժողովրդավարության ապագան. պաշտպանություն ավտորիտարիզմից» խորագրով ամենամյա խորհրդաժողովի նպատակը ժողովրդավարության ամրապնդմանը և ավտորիտարիզմի հակազդմանն ուղղված մտքերի փոխանակումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն անվերապահորեն հանձնառու է ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Վիլնյուսում անցկացված «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ–ում ընթացող ժողովրդավարացման գործընթացի սպառնալիքներին և մարտահրավերներին:
«Նախարարի տեղակալը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Ժողովրդավարության ապագան. պաշտպանություն ավտորիտարիզմից» խորագրով բարձր մակարդակի երկօրյա ամենամյա խորհրդաժողովը Լիտվայում կազմակերպվում է արդեն երրորդ անգամ։
Խաղաղության հաստատմանը միտված ՀՀ ջանքերը Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Կումար Այիրին
Ֆորումի հիմնական նպատակն է ժողովրդավարության ամրապնդմանը և ավտորիտարիզմին հակազդման ուղղված մտքերի փոխանակումը՝ ի շարունակություն 2023 թ. մարտին ԱՄՆ կողմից կազմակերպված Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի։