ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը ակնկալում է եվրոպական երկրների հետ ամրապնդել անվտանգային համագործակցությունը։ Այս մասին Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան–Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով` Արևմուտքի հետ ուժեղ հարաբերություններ ստեղծելու համար պետք է ուժեղ կապ լինի գործադիրի, օրենսդիրի, քաղաքացիական հասարակության և տնտեսության մեջ։
«Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երևի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ և հավաքական Եվրոպայի, և անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ընդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը»,– նշեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ նույնիսկ տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ և ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Վստահեցրեց` Հայաստանը պատրաստ է դրան։
Գրիգորյանը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում, երբ վերջինս նշել էր, որ Հայաստանը համագործակցության պատրաստ է այնքանով, որքանով պատրաստ է Եվրոպան։
«Մենք ցույց ենք տվել կամք առաջ գնալու համագործակցության առումով»,– ասաց ԱԽ քարտուղարը:
Անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը՝ Արմեն Գրիգորյանը նշեց` այն շատ կարևոր է եղել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համատեքստում: