ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածի հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով 13 մարդ է զոհվել։ Այս մասին, Al Jazeera–ի փոխանցմամբ, հայտարարել է Գազայի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալյամա Մաարուֆը։
«Այսօր իսրայելական «Աշ–Շիֆա» համալիրի գնդակոծության հետևանքով 13 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են», – ասել է Մաարուֆը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։