Հանրային ընկալումը փոխվել է Եվրոպայի նկատմամբ. ԱԽ քարտուղարը՝ ՀՀ–ում ԵՄ առաքելության մասին

Եվրամիության առաքելության անդամները Հայաստանում
Արմեն Գրիգորյանի պնդմամբ` ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ԵՄ հարաբերությունների ընդլայնման ինստիտուտ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահ է` Հայաստանում Եվրամիության առաքելության կատարած աշխատանքը դրական արդյունքներ է տալիս։ Այս մասին նա հայտնեց Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան–Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ։
«Ուզում եմ կարևորել որպես անվտանգության գործոն ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում: Դա Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների ընդլայնման, անվտանգության ոլորտում երկխոսության մի ինստիտուտ է, որը շատ կարևոր է։ Այս քաղաքացիական առաքելությունը փոխել է Հայաստանում հանրային ընկալումը Եվրոպայի նկատմամբ: Ամենօրյա հանդիպումները, նրանց կատարած աշխատանքը միանշանակ դրական արդյունքներ են ունենում»,- ասաց նա:
ԱԽ քարտուղարն ընդգծեց նաև, որ Հայաստանը վերջերս մի շարք ուղղություններով դիմել է ԵՄ–ին` ընդլայնելու համագործակցությունը նույնիսկ անվտանգության առումով։
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան: