ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին կանչել են հարցաքննության։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով»,– նշել է նա:
Ըստ Մամիջանյանի` վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած իր խոսքերը:
Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Մամիջանյանն ասել էր, որ Արցախը պետք է դիմանա, մինչև Երևանը փոխվի։ Նա նշել էր` Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Նիկոլ Փաշինյանն անմտություն անի, նաև արյամբ։