ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ 3 հիմնական սկզբունքի հիման վրա խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Այս մասին Փարիզի Խաղաղության համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց` այդ սկզբունքները հայտարարվել են Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ առաջին սկզբունքով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ՀՀ տարածքի դեպքում՝ 29,800 քառ. կմ, Ադրբեջանի դեպքում՝ 86,600 քառ. կմ։ Մյուս սկզբունքն Ալմա Աթայի հռչակագիրն է, որ պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար։ Երրորդն էլ այն է, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, որը կլինի սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության հիման վրա։
Փաշինյանն իր ելույթում հիշեցրեց, որ էթնիկ զտումների արդյունքում ավելի քան 500 000 հայ այլևս հնարավորություն չունի ապրելու իր հայրենիքում: Նա հստակեցրեց, որ սա հայերի այն թիվն է, որոնք էթնիկ զտումների արդյունքում վտարվել են Ադրբեջանից և դարձել փախստական:
«Նրանցից մոտ 300 600-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 1990-ականների սկզբից՝ Սումգայիթի, Բաքվի զանգվածային սպանությունների և հայատյացության հետևանքով: Այդ ժամանակից ի վեր հայատյացությունը, ցավոք, դարձել է պետական քաղաքականություն Ադրբեջանում»,– ասաց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` բացի դրանից, հայերը ստիպված լքել են նաև Նախիջևանը և Ադրբեջանի շատ այլ շրջաններ։ Այս ամենի հետ մեկտեղ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղը լքել է շուրջ 26.000 հայ։
Փաշինյանը հիշեցրեց նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից էլ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմից և էթնիկ զտումներից հետո 105 000 հայ մեկ շաբաթվա ընթացքում ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը:
«Տևական ժամանակ մենք դիմել ենք միջազգային հանրությանը, սակայն համարժեք նորմեր չեն ձեռնարկվել Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր տեղի ունեցածի համար»,- ասաց Փաշինյանը:
Միաժամանակ ՀՀ վարչապետը մատնանշեց Բաքվից հնչող մի շարք թեզեր, մասնավորապես այն, որ Ադրբեջանը բուհերում, դպրոցներում, ԶԼՄ-ներում հեռարձակում է Արևմտյան Ադրբեջան հայեցակարգը՝ այդպես անվանելով Հայաստանը։ Փաշինյանը նշեց, որ դա հարցեր է առաջացնում` արդյոք Բաքուն խաղաղության պայմանագիր կնքելու առումով անկեղծ մտադրություններ ունի։
ՀՀ վարչապետի կարծիքով՝ կողմերը կարող են առաջ շարժվել, եթե Բաքուն հաստատի 3 սկզբունքը, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ հանդիպմանը։
Անդրադառնալով Ֆրանսիայից զենք–զինամթերք գնելուն` Փաշինայնը նշեց` ցանկացած ինքնիշխան երկիր իրավունք ունի բանակ ունենալ և սպառազինություն գնել։