ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ԵՄ-ն կազմակերպության անդամ երկրներին տեղեկացրել է, որ դժվար թե կատարի մինչև 2024 թվականի մարտը Կիևին 1 միլիոն արկ տրամադրելու խոստումը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նախատեսվում էր, որ ԵՄ-ն Ուկրաինային արկեր կտրամադրի մեկ տարվա ընթացքում. Նախ առկա պաշարներից, ապա համատեղ գնումների և արտադրական հզորությունների ավելացման միջոցով։
Առայժմ, ինչպես նշում է լրատվամիջոցը, այս նախաձեռնության շրջանակներում նպատակին հասել են միայն 30 տոկոսով։
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին` Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա: