Արմեն Գրիգորյանը ՀՀ–ԵՄ երկկողմ հարցերը քննարկել է ԵՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Հանդիպման ժամանակ հիմնականում անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և ԵՀ նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Զրուցակցիս հետ քննարկել ենք ՀՀ վարչապետի և ԵՀ նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,– նշել է Գրիգորյանը:
Նա նաև նշել է, որ քննարկել են ՀՀ–ԵՄ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերը։
Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ մասնակցել է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին: