ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik.Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցեր է քննարկել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինը
© Photo : official site of MFA of RA
«Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական, գիտակրթական, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարների մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Վերոնշյալ ուղղություններով առկա ներուժի առավել արդյունավետ իրացման համատեքստում Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները վերահաստատել են երկու երկրներում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու մտադրությունները: Անդրադարձ է կատարվել նաև Կորեայի միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցության հարցերի:
Հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը` Միրզոյանն իր կորեացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը և 100 հազարից ավել բռնի տեղահանված հայության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ իրականցվող միջոցառումները:
Այս համատեքստում կարևորել է նաև միջազգային գործընկերների և կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8–ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ, որտեղ երեկ` նոյեմբերի 9–ին, մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին:
Բայցի այդ, Միրզոյանը Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։