ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի հիմնական մասը կասֆալտապատվի 2023 թվականին, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Օգոստոսին գրել էինք, որ կառուցվող ճանապարհի մի մասը վնասվել է սելավից։
Գերատեսչությունից հայտնել էին, որ հորդառատ անձրևների պատճառով Խոտ-Որոտան ճանապարհին հարակից սարի լանջի գրունտը գերխոնավացել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում։ Նախարարությունը մեկնաբանել է նաև ճանապարհը ավերող ջրերի հետ կապված իրավիճակը։
«Հիշյալ ճանապարհով հոսող ջրերը հիմնականում սկիզբ են առնում ՀԷԿ-ի օրական կարգավորող ջրավազանից (ՕԿՋ), որը այս տարի նախատեսված է վերանորոգել ՀԷԿ-ի (Տաթևի ՀԷԿ) կողմից», - նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված է ճանապարհի կողքի ջրերի հեռացման համակարգերի տեղադրում։
Նախարարությունից հայտնել են, որ 2023 թվականին ավարտին կհասցվեն ճանապարհի 8 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև 2 կմ-ի հողային աշխատանքները։
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին։
Դրա հետ մեկտեղ Խոտ-Որոտան ճանապարհին երկու անգամ փլուզում է գրանցվել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։