ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում դաժան սպանության գործով մեղարդվող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը մեղադրող դատախազին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
Փաստաբան Մինասյանը ներկայացրեց բացարկի համար էական նշանակություն ունեցող փաստերն ու փաստական հանգամանքները։
Որպես բացարկի հիմք` նա ներկայացրեց վկաներից մի քանիսի նախաքննական ցուցմունքները, սակայն տուժող կողմն ու դատավորն ընդհատեցին, քանի որ մինչ դատարանում հարցաքննությունն այդ ցուցմունքները չի թույլատրվում հանրայնացնել։
Մինասյանը պնդեց, որ պարզ չի լինի առանց այդ ցուցմունքները հրապարակելու ասել, թե ինքն ինչու է նման միջնորդություն ներկայացնում, սակայն, այնուամենայնիվ, պարզաբանեց։
«Մինչև Վրույր Բարսեղյանի կողմից 2022 թվականի մարտի 13-ը բոլորովին այլ բովանդակությամբ ցուցմունք տալը, սույն քրեական գործով չի կատարվել նախնական փուլում մի շարք քննչական և դատավարական գործողություններ։ Դրանք կատարելու արդյունքում հնարավոր կլիներ պարզել գործով օբյեկտիվ իրականությունը և մի շարք այլ հանգամանքներ ևս կպարզվեին»,– նշեց Մինասյանը։
Փաստաբանն օրինակներով փորձեց բացատրել, թե մասնավորապես ինչ գործողություններ չեն կատարվել։ Նա ընդգծեց, որ կոնկրետ վկաների բազմաթիվ հարցեր չեն տվել։ Պաշտպանը շեշտեց, որ խնդիրը նաև այլ հանգամանքներից է կախված` տեսախցիկներ չեն առգրավվել, որպեսզի հետագայում հնարավոր լինի դրանք ուսումնասիրել, ձայնագրություններն էլ չջնջվեն։
Մեղադրյալ Վրույր Բարսեղյանը նշեց, որ իրեն այս ընթացքում ցանկացել են ներքաշել մի գործի մեջ, որի հետ ինքն ընդհանրապես կապ չունի և ցանկանում է, որպեսզի իրականությունը բացահայտվի։
Մեկ այլ մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ընդգծեց, որ բացարկի միջնորդությունը պատշաճ ձևով փաստարկված չէ, իսկ տուժող Գեղամ Մելիքսեթյանի փաստաբան Գարիկ Գալիկյանն էլ նշեց, որ որոշակի չփարատված կասկածներ ունենալը հիմք չէ հանրային մեղադրողին բացարկ ներկայացնելու համար։
Դատարանը մերժեց միջնորդությունը։
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։