Մոսկվայում մեկնաբանել են Արմեն Գրիգորյանի բացակայությունը ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստից

Մարիա Զախարովա
Ռուսաստանում կարծում են, որ այս կամ այն պետության մասնակցության մակարդակը որոշում է հենց այդ երկիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի— Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց ժամանակացույցի փոփոխության պատճառով: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հետո մենք տեսանք, որ նա Երևանում հյուրընկալել էր Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին։ Միաժամանակ ԱԽ քարտուղարների նիստում Հայաստանը ներկայացել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանով և ընդհանուր առմամբ մասնակցում էր նիստին», - ասաց Զախարովան։
Նա ընդգծեց՝ մասնակցության մակարդակը որոշում է հենց պետությունը։
Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպումը կայացավ նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Նախորդ օրը հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու նիստին։ Նրա փոխարեն հանդիպմանը ներկա էր ՌԴ–ում ՀՀ դեսպանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Բիշքեկում:
Ցուցադրական հակառուսական ժեստ․ Զախարովան՝ Մալթայում Գրիգորյան-Երմակ հանդիպման մասին