ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգությանը պետք է պաշտպանել վանդալիզմից և թալանից։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ելույթ ունենալով ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառաությունը։
Ի դեպ
Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան ֆինանսավորել է պատմամշակութային պահպանության հարցերով զբաղվող ALIPH ասոցիացիային, որպեսզի տվյալներ հավաքագրի Լեռնային Ղարաբաղում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին։ ALIPH ընկերությունը կարողացել է արբանյակային պատկերների միջոցով նույնականացնել Արցախում մնացած հուշարձանները։ Արդեն առկա է այդ տվալների բազան։ Ֆրանսիան ունի Արցախում մնացած հուշարձանների աղավաղված վիճակը պատկերող լուսանկարներ։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, սննդի, դեղորայքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների բացակայությունը և, ի վերջո, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը ստիպեցին մարդկանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով նաև սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:
«Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կամ խեղաթյուրումը կանխելու հարցում, ինչը չհաջողվեց Նախիջևանում 1997-2006 թվականների ընթացքում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման դեպքում»,–ասել է նա։
Միրզոյանի շեշտել է, որ 2020թ. աշնանից Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգել է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին։
Նա հիշեցրել է, որ 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների վերաբերյալ ընդունված իրավաբանորեն պարտադիր որոշումը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողություններն ուղղված հայկական մշակութային ժառանգության՝ ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, շիրիմների և արտեֆակտների դեմ»։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։