ԼՂ–ից բռնի տեղահանված մոտ 15 հազար թոշակառու ՀՀ–ում թոշակ կստանա նույնականացումից հետո

Թոշակառուն խանութում
Թոշակառուն խանութում. Արխիվային լուսանկար
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց նաև ԼՂ–ի թոշակառուներին սոցիալական ապահովության համակարգում ընդգրկելու մասին օրինագծին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված 100 հազար անձանցից մոտ 15 հազարը թոշակառուներ են, որոնք կշարունակեն կենսաթոշակ ստանալ նաև ՀՀ–ում, երբ նրանց նույնականացման գործընթացն ավարտվի։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ կլինի ՀՀ–ում ստանալ գրանցում: Նախարարի խոսքով` ՀՀ ժամանելուց հետո 63 տարին նոր լրացած անձինք կկարողանան դիմում ներկայացնել այն նույն կարգով, որը նախատեսված է ՀՀ կենսաթոշակառուների համար:
Նույնը վերաբերում է նաև նպաստների ստացմանը՝ սոցիալական, երեխայի ծննդյան, խնամքի և այլն։
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց նաև ԼՂ–ի թոշակառուներին սոցիալական ապահովության համակարգում ընդգրկելու մասին օրինագծին: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ուղարկվեց Ազգային ժողով` անհետաձգելի ռեժիմով քննարկման։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թոշակների ու նպաստների վճարման համար լրացուցիչ 30 մլրդ դրամ կավելացվի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։