Խուլիգանության համար ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը. Արխիվային լուսանկար
Խաչատրյանը կրակել էր 46-ամյա տղամարդու ուղեկցությամբ՝ նրան մարմնական թեթև վնասվածք պատճառելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Խուլիգանություն կատարելու և անձին թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նա արդեն շուրջ 4 ամիս է՝ քրեական հետապնդման էր ենթարկվում։ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է այն բանում, որ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել էր Գորիսում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։
«Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդկերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ»,- հիշեցնում են ՔԿ-ից։
Ապա իր մոտ եղած ապօրինի հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` պատճառելով մարմնական թեթև վնասվածք և հեռացել դեպքի վայրից՝ լքելով Գորիսի տարածքը:
Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը բավարարվել էր։ Ոստիկանությանը տրվել էր նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Նոյեմբերի 8-ին Տիգրան Խաչատրյանը հայտնաբերվել է Երևանում՝ իրենց առանձնատանը։ Նա ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Սուրիկ Խաչատրյանի և մյուսների գործի քննությունը կվերսկսվի