Խաղաղության պայմանագրում անկյունաքարը պետք է լինի սահմանագծի հստակեցումը. Կոստանյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը. Արխիվային լուսանկար
ԱԳ փոխնախարարը նշեց, որ բնակավայրերի հետ կապված իրավական խնդիրներ Հայաստան–Ադրբեջան սահմանին հարող Տավուշի մարզի 4 գյուղերն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրում անկյունաքարը պետք է լինի սահմանագծի հստակեցումն ու ամրագրումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Կարևոր հարցերից է նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որը նաև կա Գրանադայի հայտարարության մեջ։ Ինչպես նաև կարևոր է լինելու վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը »,–ասաց Կոստանյանը։
Վերոնշյալ հարցերում, նրա խոսքով, դեռևս պետք է երկու կողմերը մոտեցնեն իրենց դիրքորոշումները։ Միևնույն ժամանակ Կոստանյանը հստակեցրեց` ՀՀ–ն շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում։
ԱԳ փոխնախարարը նաև հավելեց, որ երկու երկրների միջև առկա բոլոր խնդիրները, այդ թվում բնակավայրերի հետ կապված իրավական հիմքերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացում։
Բնակավայրերի հետ կապված իրավական խնդիրներ, Կոստանյանի մեկնաբանմամբ, Հայաստան–Ադրբեջան սահմանին հարող Տավուշի մարզի 4 գյուղերն ունեն։