ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր` 6 ամիս ժամկետով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմ, արևածաղկիի ձեթ արտահանման նկատմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ որոշումն ուղղվում է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը, քանի որ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, և այդ բացը լրացվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ–ից արտահանվող ապրանքների վրա։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2023 թ. հունիսի 29–ի որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ 6 ամիս ժամկետով, որի գործողությունն ավարտվում էր 2024 թ. հունվարի 2–ին։ Այս որոշմամբ արգելքը կգործի մինչև 2024 թ. հուլիսի 2–ը։
Արգելքը կիրառվում է ԵԱՏՄ–ից երրորդ երկրներ վերաարտահանումը կանխելու համար՝ հաշվի առնելով, որ նոյեմբերի 1–ին «Ռոսսելխոզնադզորը» հրապարակել է ՌԴ կառավարության որոշման նախագիծը՝ 2023 թ. դեկտեմբերի 1–ից մինչև 2024 թ. մայիսի 31–ը կոշտ ցորենի արտահանումն արգելելու մասին։