ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։
Նշենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել էր, որ Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ կառուցվածքում հաղորդակցությունների պաշտպանության հատուկ ստորաբաժանման ստեղծմանը` Զախարովան հստակեցրել էր, որ նշված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնելու ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Այս հայտարարության ի պատասխան Բադալյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:
«Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,–նշել է նա:
Բադալյանն ընդգծել է, որ ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:
Հիշեցնենք` Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծել էր, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։