ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը հույս ունի, որ մինչև 2024 թվականի վերջ կավարտի Իրանի Չաբահար նավահանգստին և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին միանալու գործընթացը:
Այս մասին The Economic Times պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Դեռևս 2023 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել էր Չաբահար նավահանգստում միջազգային բեռնափոխադրումների գործարկման և օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ։
«Հայաստանը բանակցություններ է վարում իրանական Չաբահար նավահանգստին միանալու շուրջ, քանի որ ձգտում է մուտք ունենալ Հնդկաստան և ասիական այլ երկրներ»,-ասել է Սաֆարյանը:
Ներկայումս Երևանը հույս ունի, որ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի և Չաբահար նավահանգստի միջև արագ կապ կհաստատվի անխափան հաղորդակցություն ապահովելու համար:
Սաֆարյանը հիշեցրել է, որ հոկտեմբերին Հայաստանի պատվիրակությունը Մումբայում մասնակցել է Global Maritime India Summit 2023-ին, որտեղ քննարկվել է նաև Չաբահար նավահանգստի զարգացման հարցը: Բացի այդ, Երևանը Հնդկաստանին առաջարկել է իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի մաս դառնալ։ Փոխնախարարը մատնանշել է նաև հայկական կողմի մշակած «Խաղաղության խաչմերուկը», որի իրականացումը մեծ օգուտ կբերի տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հնդկաստանին:
Հիշեցնենք, որ Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի և Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։
Առաջին անգամ չընդհատվող երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ Սև ծովով։ Նույն ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։