Հայտնի է` քանի լրագրող է զոհվել իսրայելա–պաղեստինյան հակամարտության հետևանքով

Իսրայելական բանակն արկեր է արձակում. արխիվային լուսանկար
Զոհվածների թվում կա Պաղեստինի 34, Իսրայելի 4 և Լիբանանի մեկ քաղաքացի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր զոհված լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների թիվը հասել է 39-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունն այսօր հայտնել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee տո Protect Journalists, CPJ)։
«Կոմիտեի նախնական հետաքննությունների համաձայն՝ պատերազմի սկզբից ի վեր զոհված ավելի քան 12 հազար մարդկանցից 39–ը լրագրողներ են և ԶԼՄ-ների աշխատակիցներ», - նշված է հայտարարության մեջ:
Ըստ կոմիտեի՝ նրանց թվում կա Պաղեստինի 34, Իսրայելի 4 և Լիբանանի մեկ քաղաքացի: Կոմիտեն ավելացրել է, որ առնվազն ութ լրագրող է տուժել, ևս երեքը համարվում են անհետ կորած:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։