ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Անվտանգության աճող սպառնալիքների ֆոնին Գերմանիան պետք է դառնա եվրոպական հավաքական պաշտպանության և զսպման համակարգի հիմքը։ Այս հայտարարությունն արել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Լինելով Եվրոպայի կենտրոնում ամենաբազմամարդ և տնտեսապես ուժեղ երկիրը՝ Գերմանիան պետք է Եվրոպայում զսպման և հավաքական պաշտպանության հիմք հանդիսանա», - ասել է Պիստորիուսը՝ ներկայացնելով երկրի պաշտպանական քաղաքականության նոր սկզբունքները։
Ներկայացված փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Եվրոպայում խաղաղ կյանքը չի կարող դիտարկվել որպես ինքնըստինքյան ենթադրվող ինչ-որ բան։
«Գերմանիայի զինված ուժերի (բունդեսվերի) համար դա նշանակում է բարձր ինտենսիվությամբ մարտում հաջողության հասնելու համար պայքարելու պատրաստակամություն», - նշվում է փաստաթղթում:
Հոկտեմբերի վերջին Պիստորիուսը «Deutschlandfunk» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի պաշտպանական պատերազմի՝ միաժամանակ ընդունելով, որ ներկա պահին Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակումը քիչ հավանական է:
Ռուսաստանը վերջին տարիներին հայտարարում է արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին։ Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ։ Կրեմլում նշել են, որ ՌԴ-ն ոչ ոքի չի սպառնում, բայց անուշադրության չի մատնի իր շահերի համար պոտենցիալ վտանգավոր գործողությունները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։