ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուի հայտարարությունը հաստատում է, որ Իսրայելը միջուկային զենք ունի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Էլիյահուն Գազայի վրա ատոմային ռումբ նետելն անվանել էր հակամարտության զարգացման հնարավորություններից մեկը:
«Այս արտահայտությունները համարում ենք սադրիչ, բացարձակապես անթույլատրելի և բավական ուշագրավ հետևյալ պատճառներով։ Նախ` նման հայտարարությունները նշանակում են, որ միջուկային զենքով են սպառնում Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիական բնակչությանը։ Սա ի՞նչ է։ Ցեղասպանության սպառնալի՞ք»,- նշված է Զախարովայի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունների համար արդարացում չկա և չի կարող լինել։
«Երկրորդ՝ Իսրայելում միջուկային զենքի առկայության վերաբերյալ պատմականորեն ձևավորված անորոշության քաղաքականության ֆոնին այս արտահայտությունները ոչ միայն բացահայտ կերպով հաստատում են դրա առկայությունը, այլև ցույց են տալիս, որ պատրաստ են լրջորեն դիտարկել դրա կիրառման հնարավորությունը բոլորովին ոչ ադեկվատ սցենարներում», - ավելացրել էԶախարովան:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի` գնալով ավելի հրատապ և անհետաձգելի է դառնում Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից և դրա առաքման միջոցներից զերծ գոտի ստեղծելու հարցը: Այս ուղղությամբ առաջընթացը, նրա խոսքով, համակարգված կերպով տորպեդահարում է հենց Իսրայելը՝ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ և թողտվությամբ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։