Դիլիջան ազգային պարկի հրդեհը մարել դեռ չի հաջողվում

Անտառային հրդեհ. Արխիվային լուսանկար
Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով այսօր առավոտյան դեպքի վայր են մեկնել 15 փրկարարական ծառայող:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, հրդեհը մարել դեռ չի հաջողվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 9-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 15 փրկարարական ծառայող:
Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 6-ին, ժամը 17։51-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 8 աշխատակից և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 25 աշխատակից: