ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. «Արտմոդա», «Արտշուզ» անվանումով խանութների սեփականատերը խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2020 թվականից 2023 թվականի փետրվար ամիսը ներառյալ պաշաճ չի կատարել իր հարկային պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ Վ․Դ-ն հանդիսանալով 2015թ․ սեպտեմբերի 11-ին պետական գրանցում ստացած «Արտմոդա», «Արտշուզ» անվանումով հագուստի և կոշիկի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը, փաստացի ղեկավարել է նույն անվան ներքո գործած անհատ ձեռնարկատեր Ա․Խ․-ի գործունեությունը և խախտել ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները։
Պարզվել է, որ վաճառքներ իրականացնելիս գնորդներին չի տրամադրվել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և հարկային հաշվարկներում մտցվել է խեղաթյուրված տվյալներ։ 2020-2022 թվականների ընթացքում սեփականատերը նույն եղանակով թաքցրել է անհատ ձեռնարկատեր Ա․Խ․-ի հարկման օբյեկտները։ Արդյունքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ․Դ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը) հարուցվել է քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք։
Ներկայացված մեղադրանքում Վ․Դ-ն իրեն մեղավոր է ճանաչել, հարկային մարմին է ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ և պարտավորվել է վճարել նախկինում թաքցված շուրջ 100․000․000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որից նախաքննության ներկա փուլում պետական բյուջե է վերականգնել շուրջ 55․000․000 ՀՀ դրամը։