ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արևմուտքի երկրները սիրաշահում են Հայաստանին և ցանկանում են նրա հետ բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի։«Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով ՝ ՌԴ-ն Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ նախապաշարմունքներ չունի, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր քաղաքական կուրսը:
«Մենք կողմ ենք, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, այնուամենայնիվ ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջապատի նկատմամբ, ինչպես ուզում եք, անվանեք։ Մենք երբեք ընկերություն չենք անում որևէ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ», - նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
Հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ ԱԳՆ է կանչվել «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, դեսպանին բողոքի հայտագիր է հանձնվել։ Հոկտեմբերի 26-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, նրա ուշադրությունը հրավիրվել է Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին առավել բացասական հրապարակումների վրա