44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց Եռաբլուրում

Եռաբլուր
Զինվորական պանթեոնում տեղի ունեցավ նաև մոմավառություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց։
Զոհվածների հարազատները Եռաբլուրում են և հարգանքի տուրք են մատուցում իրենց որդիների, ամուսինների, եղբայրների հիշատակին։
«Մենք աղոթում ենք մեր տղաների հոգու պայծառության համար։ Ճանաչելով ձեզանից մեծ մասին (խոսքը զոհված զինծառայողների հարազատների մասին է. խմբ.)` կարող եմ ասել, որ ոչ միայն լացում ու աղոթում ենք, այլև գործում ենք մեր տղաների հիշատակի համար»,– ասաց հոգևորականը։
Նրա ելույթից հետո տերունական աղոթք հնչեց։
Զինվորական պանթեոնում տեղի ունեցավ նաև մոմավառություն, ծաղիկներ խոնարհվեցին բոլորի շիրիմների առաջ։
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը` Աստղիկ Գալեյանը, շեշտեց` ինքը միայն ուրախ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի եկել Եռաբլուր։

«Ինչո՞ւ պետք է գա, նա չպետք է այստեղ այցելի։ Գա Եռաբլուր, որ ասի` ես եմ արել, ես հանձնեցի, ստորագրեցի։ Ամուսինս էլ չի եկել, որովհետև տնային կալանքի տակ է։ Հիմա այդպես է, իրենք են որոշում` ծնողն իր որդու շիրիմին գա, թե ոչ»,– ասաց նա։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման