ՌԴ պատվիրակներին վիզա չտրամադրելու հարցը կտրուկ կդրվի ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի առաջ

Հանդիպմանը կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի համագործակցությունը, ինչպես նաև առկա խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՅՈւՆԵՍԿՕ-ում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը մտադիր է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հանդիպմանը կտրուկ դնել ՌԴ պատվիրակության անդամներին մուտքի արտոնագրեր չտրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՅՈւՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությանը։
«Վաղը նախատեսված է պատվիրակության ղեկավար, արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինի հանդիպումը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այդ հանդիպմանը կքննարկվեն մի շարք հարցեր, ներառյալ Ռուսաստանի համագործակցությունը ՅՈւՆԵՍԿՕ – ի հետ, ինչպես նաև առկա խնդիրները, մասնավորապես, Փարիզի կողմից ՅՈւՆԵՍԿՕ-ի առջև ստանձնած պարտավորությունների անբարեխիղճ կատարումը՝ ռուսական պատվիրակության անդամներին մուտքի արտոնագրեր չտրամադրելու կամ ժամանակին չտրամադրելու առումով: Ռուսական պատվիրակության ղեկավարը նախատեսում է Օդրի Ազուլեի առաջ այդ հարցը կտրուկ դնել», - հայտնել են մշտական ներկայացուցչությունից։
Ներկայացուցչությունից հայտնել են, որ ռուսական պատվիրակությունը լայն ֆորմատով մասնակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանին՝ չնայած մի շարք պատվիրակներին վիզա չտրամադրելուն։
ՀՀ–ն հայտ կներկայացնի վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ներառելու համար
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ֆրանսիան, ժամանակին վիզաներ չտրամադրելով, խաթարել է ՌԴ ներկայացուցիչների մասնակցությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանի նիստերին։