ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Պետական պարտքի վրա հնարավոր ռիսկերի բոլոր սցենարները դիտարկվել են։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին նախագիծը։
«Պետական պարտքի վրա հնարավոր ռիսկերի բոլոր սցենարները դիտարկել ենք, այդ թվում` փոխարժեքի տատանումները, տնտեսական աճի թիրախներին չհասնելը, արտաքին տնտեսական հավելյալ շոկերը, օրինակ` ներդրումների պլանավորված մակարդակով ծավալ չունենալը։ 2024 թ. համար այն սցենարը, որը մենք հիմք ենք վերցրել, հնարավորություն կտա պետական պարտքը սահմանել 48.4 տոկոսի մակարդակում»,– ասաց նախարարը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն դիտարկմանը, որը պետական պարտքի մակարդակը ՀՆԱ–ից ավելի մեծ է լինելու 2024 թ.։
Պատգամավորը նշեց, որ 2024 թ. պարտքի աճը կկազմի 10 տոկոս, բյուջեում ներառված փոխարժեքը 440 դրամ է, և հարցրեց` եթե փոխարժեքն ավելի մեծանա, արդյոք մենք ունե՞նք բավարար պահուստներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ռիսկերը մեղմել»
Ըստ նախարարի` չի բացառվում, որ իրենց նախանշած հնարավոր բոլոր վատ սցենարների նյութականացման դեպքում 2026 թ. պարտքի մակարդակն անցնի ՀՆԱ–ի նկատմամբ 60 տոկոսի շեմը։
«Սա, իհարկե, կատաստրոֆա չէ։ Այսինքն` մենք տեսնում ենք, որ հիմա ունենք պարտքի այնպիսի մակարդակ, որ բոլոր ռիսկերի նյութականացման դեպքում, եթե անցնի 60 տոկոսը, այսինքն` 61, 62 տոկոսի մակարդակներ հասնի, կառավարելի կլինի։ Արտարժութային ՀՀ պարտքի տոկոսը տարեցտարի նվազեցնում ենք ու նախատեսում, որ տարեկան նվազումը պետք է տեղի ունենա մեկ տոկոսի չափով։ Զուգահեռ դանդաղ, կայուն ձևով ավելացնում ենք դրամային պարտքի մասնաբաժինն ընդհանուր պարտքի մեջ»,– ընդգծեց նախարարը։
Հովհաննիսյանի խոսքով` դա մի կողմից կզսպի նաև ՀՀ կառավարության հավելյալ ծախսերը պարտքի սպասարկման համար, ինչպես նաև հնարավորությունը կտա երկարաժամկետ հատվածում ծրագրավորել արտարժութային ռիսկերը։
Հիշեցնենք` Հայաստանի պետական պարտքը 4 տրիլիոն 454,2 միլիարդ դրամ է (11 մլրդ 322 մլն դոլար), որից 4 տրիլիոն 243 միլիարդը կառավարության պարտքն է։ Մնացած մասը կազմում է Կենտրոնական բանկի պարտքը, որը սովորաբար չի ներառվում պարտքի թիրախային ցուցանիշների մեջ, քանի որ ԿԲ–ն ինքնուրույն է պատասխանատվություն կրում դրա մարման համար (սեփական, այլ ոչ թե բյուջեի միջոցներից)։