Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից. Գերմանիայի արտգործնախարար

Արխիվային լուսանկար
Հանդիպման մասնակիցները ակտիվորեն քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է լինի նաև Գազայի հատվածի օկուպացիա կամ դրա տարածքի կրճատում պաղեստինա-իսրայելական զինված հակամարտության արդյունքում, այսօրհայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Տոկիոյում G7-ի նախարարների հանդիպումից հետո: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցներն ակտիվորեն քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Բերբոքը կարծում է, որ անհրաժեշտ են որոշ կողմնորոշիչներ Գազայի հատվածի ապագայի և երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության լուծման համար:
«Դա նշանակում է, առաջին հերթին, որ Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք գա Իսրայելի անվտանգության համար։ Սա նշանակում է, երկրորդը, որ պաղեստինցիներին չպետք է վտարել Գազայից։ Սա նշանակում է, երրորդը, որ չպետք է լինի Գազայի հատվածի օկուպացիա, փոխարենը պետք է ապահովվի հնարավորինս լավ միջազգային պաշտպանություն։ Սա նշանակում է, չորրորդը, որ պետք չէ հասնել Գազայի հատվածի տարածքային կրճատմանը։ Դա նշանակում է, հինգերորդը, որ չպետք է լինի ոչ մի լուծում՝ շրջանցելով պաղեստինցիներին, և ամեն ինչ պետք է դիտարկվի այն ըմբռնումով, որ ապագայում Իսրայելի ժողովուրդն ու Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունեն վերջապես ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,-ասել է Բերբոքը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։