Միրզոյանն ասել է` ինչ է անհրաժեշտ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար

Հայաստանի արտգործնախարարի կարծիքով՝ առաջնային նշանակություն ունեն նաև միջազգային վճռական քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունների ստանձնումը։ X–ի իր միկրոբլոգում յս մասին գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունը։
Հայտնել ենք, որ այսօր Տոկիոյում «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագրում նշվել է, որ G7-ի երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։
Նշված է, որ երկրների միջև խաղաղությունը պետք է հիմնված լինի ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:
«Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ մենք ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունները առաջնային նշանակություն ունեն Գրանադայի հայտարարության համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար», - գրել է Միրզոյանը։
Հայաստանը, նրա խոսքով, նման պարտավորություն ունի։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։