ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Գազայի շուրջ 50 հազար բնակիչներ այսօր անկլավի հյուսիսից հարավ են անցել, քանի որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսում: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Դանիել Հագարին։
«Այսօր մենք տեսանք, որ Գազայի հատվածի հյուսիսից հարավ անցան մոտ 50 հազար բնակիչ։ Նրանք հեռանում են հյուսիսից, քանի որ հասկանում են, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսում, և որ հարավում ավելի անվտանգ շրջան կա, ուր մատակարարվում է դեղորայք, սնունդ և ջուր»,-հայտարարել է գեներալը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։