«Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ». Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վստահ է` իր նկատմամբ գործը քաղաքական հետապնդում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։ Այս մասին Տոնոյանն ասել է 168.am-ի հետ զրույցում։
Նշենք, որ ՀՀ պաշտպանությա նախկին նախարարը գտնվում է անազատության մեջ ու կայքի հարցերին պատասխանել է իր փաստաբանական թիմի միջոցով։
«Խորհրդակցության բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու»,– ասել է նա։
Տոնոյանը հիշեցրել է, որ այս պահին 10 գեներալ մեղադրվում են տարբեր քրեական գործերով, նրանցից 5-ը կալանավորված են: Հարյուրավոր ավագ և կրտսեր սպայական կազմի զինվորականներ մեղադրվում են և տասնյակները կալանավորված են: Տոնոյանը նկատել է` բանտախցերում զինծառայողներին տեղավորում են զորատեսակներով։
«Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում»,– ասել է նա։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վստահ է` իրական արդարադատություն իրականացվելու պարագայում իրեն առնչվող գործը կփլուզվի։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: