ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը իր եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման վերջին զարգացումների համատեքստում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի բացահայտման ու հասցեավորման կարևորությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 6-ից 8-ը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) 14-րդ միջազգային համաժողովին:
Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) 14-րդ միջազգային համաժողովում
Նշվում է, որ այս տարի այն անցկացվել է «Խոշտանգումներ և այլ վատ վերաբերմունք. մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը» խորագրով:
«Քննարկվել են նշված հարցերում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերի հետ կապված հարցեր։ Համաժողովի շրջանակներում իրականացվել է փորձի փոխանակում՝ ընդգծելով մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում ուժերը համախմբելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանն ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված նոր նախաձեռնություններին: