Հարավային Կովկասի մասին նախագիծն ուժի մեջ է կոնսենսուսի հասնելու դեպքում. Տասմագամբետով

Նախորդ տարվա նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրն ու «Հայաստանին օգնություն ցուցաբերելուն ուղղված համատեղ միջոցառումների մասին» փաստաթուղթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ որոշման նախագիծը, որը չէր ընդունվել նախորդ տարվա նոյեմբերին Երևանում անցկացվող Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ, ուժի մեջ է մնում կոնսենսուսի հասնելու պարագայում։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 11-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այն բանին, որ ՀԱՊԿ որոշման նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում (Հարավային Կովկաս) իրավիճակի պարպմանը և որը, ցավոք, չէր ընդունվել նախորդ տարվա նոյեմբերին ՀԱԽ–ի նստաշրջանի ժամանակ, ուժի մեջ է մտնում կոնսենսուսի հասնելու պարագայում», – ասել է նա։

Տասմագամբետովը նշել է, որ միջազգային-քաղաքական իրավիճակի վատթարացումը, գլոբալ և տարածաշրջանային մակարդակով առճակատման ուժեղացումն ուղեկցվում է միջազգային հարաբերությունների համակարգի վերահսկելիության մակարդակի նվազմամբ։ Որպես հետևանք, ճգնաժամային իրավիճակներ են առաջանում առանցքային խաղացողների աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի հատման կետում։ Իրավիճակը սրվում է հիբրիդային տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը զգալի դժվարացնում է սպառնալիքների ճանաչումն ու ազգային ինքնիշխանության խախտման փաստերի պարզումը։
Նա ընդգծել է, որ գլոբալ մակարդակով առճակատումն անխուսափելիորեն անդրադառնում է տարածաշրջանային և նույնիսկ ենթատարածաշրջանային մակարդակներում, որտեղ սրվում են հին խնդիրներն ու առաջանում են նորերը։ Դրանց լուծումը լրացուցիչ պայմաններ է պահանջում խաղաղության և կայունության ապահովման մեխանիզմների մշակման հարցում, մեխանիզմներ, որոնք համապատասխանում են ժամանակի պահանջներին։ Դա լիովին վերաբերում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն։
Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի չեմ պատկերացնում. նախկին գլխավոր քարտուղար
Այդ ֆոնին անվտանգության ապահովման ոլորտում աճում է ենթատարածաշրջանային համագործակցության դերը, քանի որ հաճախ լոկալ խնդիրներն այն աստիճան առանձնահատուկ բնույթ են կրում, որ որևէ գլոբալ միջազգային կազմակերպություն ի զորու չէ այն լուծել։ Տասմագամբետովը համոզված է, որ այդ լոկալ խնդիրները կարող են վերաճել տարածաշրջանային խնդիրների` ապակառուցողական նպատակներ հետապնդող արտաքին ուժերի ակնհայտ կամ քողարկված միջամտության դեպքում։
«ՀԱՊԿ պատասխանատվության գոտու պարագայում դրանց կարելի է հավասարեցնել տարածքային վեճերը, սահմանների խնդիրն ու սահմանային հակամարտությունները։ Սակայն նման հարցերի աստիճանական լուծման դրական օրինակներ մենք ունենք», – ասել է գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրն ու «Հայաստանին օգնություն ցուցաբերելուն ուղղված համատեղ միջոցառումների մասին» փաստաթուղթը։ Կառավարության ղեկավարը նշել էր, որ փաստաթղթերը բավարար մշակում չեն անցել, և այդ տեսքով նա պատրաստ չէ այն ստորագրել։ Փաշինյանն ընդգծել էր, որ Երևանի համար սկզբունքային կարևորություն ունի ՀՀ–ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։
ՀԱՊԿ աշխատանքը պետք է հարմարեցնել քաղաքական ներկա իրողություններին. գլխավոր քարտուղար