Հանրային պաշտպաններն արտաժամյա աշխատանքի դիմաց կվճարվեն. օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ

Դատ
Սուջյանի խոսքով`տրամադրվող միջոցները պետք է բացառապես ուղղվեն արտաժամյա աշխատանքի դիմաց փոխհատուցում տրամադրելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում հանրային պաշտպանների համար կսահմանվեն սոցիալական նոր երաշխիքներ։ Օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով, որի հաստատման դեպքում հանրային պաշտպաններին տրվող աշխատավարձի վճարման ֆոնդը կավելացվի 15 %–ի չափով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը։
«Այսօր Հայաստանում բոլոր հանրային պաշտպանները, հատկապես քրեական գործեր վարող, ներգրավված են արտաժամյա աշխատանքում, հատկապես գիշերային ժամերին, և այսուհետ ըստ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների, իրենց կատարած աշխատանքի ժամերի դիմաց կստանան փոխհատուցում»,–ասաց նա։
Սուջյանի խոսքով` տրամադրվող միջոցները պետք է բացառապես ուղղվեն արտաժամյա աշխատանքի դիմաց փոխհատուցում տրամադրելուն։ Գումարի չափը կապված կլինի տվյալ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հանրային պաշտպանի արտաժամյա աշխատանքի ծավալից։
«Խոսքը մոտ 90 շահառուների մասին է։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին և նրա երկու տեղակալներին այս փոփոխությունը չի վերաբերվում»,–ասաց նա։
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով պետբյուջեից տարեկան պահանջվելու է մոտ 67 մլն դրամ։ Նախատեսվում է, որ մինչև այս տարվա վերջ այն ամբողջությամբ կընդունվի, և ամենաուշը 2024 թվականի հունվարից հատկացումները կկատարվեն։
Հիշեցնենք՝ Հայաստանում կա հանրային պաշտպանի 69 հաստիք։ Որոշ հաստիքներում աշխատում են 2 հոգի` կես դրույքով։
Հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնողը կարող է 2 տարով ազատազրկվել
Հանրային պաշտպան տրամադրվում է այն անձանց, որոնք ճանաչվել են անգործունակ, ունեն հաշմադամություն, զինծառայող են կամ փախստականի կարգավիճակ ունեն և չունեն բավարար միջոցներ փաստաբան վարձելու համար։ Քանի որ քրեական վարույթներով կա արագացված ընթացակարգ և դատարանները երբեմն դատական նիստ են նշանակում գիշերային ժամերին, հանրային պաշտպանները ստիպված են մասնակցել նիստերին, քանի որ նրանց ներկայությունը պարտադիր է։ Այսօր հանրային պաշտպանը տարեկան միջինում վարում է 210 քրեական գործ, ինչը բավականին մեծ թիվ է։
Քաղաքացիական գործեր վարող հանրային պաշտպանները տարեկան միջինում վարում են 170 գործ։