ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը անկլավներ չի խոստացել, սակայն հայտարարել է 1974-1975 թվականների քարտեզներով սահմանազատման և սահմանագծման պատրաստակամության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ 1974-1975թթ.քարտեզներով Տավուշի մարզի 7-8 վարելահողերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրա խոսքով՝ քննարկվում են սահմանազատման մի քանի տարբերակներ, սակայն հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի տարածքը պետք է պահպանվի 29.8 քառ. կմ։
«Խաղաղության պայմանագրում չպետք է լինեն ռումբեր պարունակող դրույթներ։ Պետք է կնքվի այնպիսի պայմանագիր, որը չպետք է առաջացնի նոր խնդիրներ և նոր պատերազմի հավանականություն։ Հենց դրանով է պայմանավորված գործընթացի երկարելը»,- հայտարարեց պատգամավորը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մշակման շրջանակներում Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են երեք հիմնական սկզբունք: Մասնավորապես, կողմերը համաձայնել են սահմանի դելիմիտացիան իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Նա ընդգծել էր, որ այս հարցում կարևոր է քարտեզների առկայությունը, որոնք արտացոլում են ժամանակի իրականությունը: Հայաստանի վարչապետը հավելել էր, որ դրանք կան։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը, «ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայի տակ»: