Հայաստանում պետք է ԼՂ-ի վտարանդի կառավարություն գործի. Դեմկուսի առաջնորդ

Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Արամ Սարգսյանի կարծիքով` եթե հասարակությունը հիմա համակերպվի ԼՂ–ի կորստի հետ, հետո ստիպված կլինի համակերպվել Սյունիքի կորստի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքում անհրաժեշտ է Արցախի վտարանդի կառավարություն ձևավորել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Քաղաքական գործչի խոսքով` գործող իշխանությունների իներտ, պարտվողական քաղաքականությանը, որը խաղաղության և կայունության չի հանգեցնի, այլընտրանք կա։ Սարգսյանը կարծում է, որ չի կարելի անգործությունն արդարացնել հակառակորդի գերազանցությամբ։
Ավելի վաղ հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանում ԼՂ-ի որևէ պետական ինստիտուտ չպետք է գործի, քանի որ դա հարվածի տակ է դնում երկրի անվտանգությունը։
Նման մոտեցումը Սարգսյանն անվանեց թերի` հավելելով, որ եթե իշխանությունները դեմ են վտարանդի կառավարության գաղափարին, ապա հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է նրանց վրա ճնշում գործադրեն։
«Չի կարելի համակերպվել ներկա իրավիճակի հետ։ Եթե հիմա համակերպվենք ԼՂ–ի կորստի հետ, ապա վաղը ստիպված կլինենք համակերպվել Սյունիքի կամ այլ տարածքների կորստի հետ։ Տեսեք` հիմա Ադրբեջանը Հայաստանից 8 գյուղ է պահանջում և բոլորովին հասկանալի չէ, որտեղից այդ գյուղերը վերցրին, ինչ «անկլավներ» են դրանք։ Այդ անկլավները վաղուց չկան, դրանք վերացել են ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այդ պարոնը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին – խմբ.) ինքն է հորինել «անկլավների» խնդիրը, ինչպես հորինել է Ալմա Աթայի հռչակագիրը», – ասաց Սարգսյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Հայաստանը պետք է «ազատի ադրբեջանական 8 գյուղերը»։ «Անկլավների» թեման առաջացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հարցը պետք է քննարկվի խաղաղության պայմանագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքում։