ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարները կողմ են արտահայտվել հակամենաշնորհային կարգավորման մրցակցության փորձագիտական խորհրդի ստեղծման մասին ԵՏՀ նախաձեռնությանը: Նման որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Բախիտ Սուլթանովի մասնակցությամբ «5+1» ձևաչափով խորհրդակցության ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնական կայքը։
Միջոցառումը տեղի է ունեցել Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստի շրջանակում:
Նախատեսվում է, որ խորհրդի կազմում կընդգրկվեն մրցակցության ոլորտում անկախ փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ և պրակտիկ իրավաբաններ ԵԱՏՄ երկրներից:
Քննարկվել են նաև երրորդ երկրների սուբյեկտների կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների խախտումները կանխելու իրավասությամբ ԵՏՀ-ին օժտելու հարցերը:
Միջազգային մրցույթներում մրցակցության ոլորտում հանձնաժողովի աշխատանքը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Արմինե Հակոբյանը: Նա նշել է, որ հանձնաժողովը մշտական հիմունքներով հանդիպումներ է անցկացնում մրցակցության ոլորտում լիազորություններով օժտված տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպությունների հետ: