▪️ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Անդրադարձ է կատարել տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Գրիգորյանը ամերիկացի պաշտոնյանին է ներկայացրել այդ կապակցությամբ հայկական կողմի դիրքորոշումները:
▪️ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։
▪️ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թոշակների և նպաստների վճարման համար հաջորդ տարվա բյուջեում լրացուցիչ 30 միլիարդ դրամ կավելացվի, Ազգային ժողովի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։
▪️ Ավելի քան 2060 տնտեսվարողներ այս տարվա առաջին 9 ամիսներին փոխել են հարկման համակարգը` դառնալով ավելացված արժեքի հարկ վճարող, խորհրդարանի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղեկացրել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը։
▪️ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է՝ արդարացնող հիմքով, հայտնում է Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
▪️ Այս տարվա հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421500 ուղևոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1 տոկոսով: Մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղևոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7 տոկոսով, իսկ միջազգային հաղորդակցության (Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Բաթումի-Երևան) ուղղություններով փոխադրվել է 53500 ուղևոր նախորդ տարվա նկատմամբ 3 տոկոսի աճով, հայտնում են Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունից։
▪️ Մոսկվայում այսօր մեկնարկած ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը, Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գրասենյակից երեկ հայտնել էին, որ Գրիգորյանը չի մասնակցելու հանդիպմանը։
▪️ Գազայի հատվածում ջրամատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է, հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը։
Sputnik Արմենիա, 106․0FM