ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Վագիֆ Խաչատրյանի հետ կատարվածը հակասում է բոլոր նորմերին։ Այս մասին X-ի պաշտոնական էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշում է` ավելի քան մեկ ամիս Բաքվում շարունակված, բեմադրված շոուից հետո Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Բադալյանը մեջբերում է Վագիֆ Խաչատրյանի` դատարանում արտասանած խոսքերը «Ես անմեղ մարդ եմ», հիշեցնում, որ նա չի ընդունել իրեն առաջադրված կեղծ մեղադրանքները։
«Մենք շեշտում ենք` սա հակասում է ցանկացած նորմի, ներառյալ` Միջազգային մարդասիրական իրավունքին»,– գրել է Բադալյանը։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։