Պետությունը չի պատժում իրավախախտ ոստիկանին. Շիրակի մարզի փաստաբաններն են ներկայացնում

Քննարկման ժամանակ
ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ընդունմամբ հայտարարվեց, որ նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ է նոր ոստիկանություն։ Բարեփոխումներն ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն են թողնում հասարակության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Շիրակի պետական համալսարանում «Ոստիկանության բարեփոխումները Շիրակի մարզում» թեմայով քննարկման ժամանակ մարզի փաստաբանները վկայեցին՝ դրական ազդեցությունը ակնհայտ է հատկապես ճանապարհատրանսպորտային խախտումների ու ինչ-որ չափով նաև կողոպուտների նվազման տեսակետից, սակայն պարեկային ծառայողների կրթական ցենզը շատ ցածր է՝ պարեկային ծառայողների կողմից վարքագծի և էթիկայի կանոնների խախտմանը գումարվում է նաև օրենքների և իրավունքերի թերիմացությունը. 5-ամսյա վերապատրաստումը շատ կարճ է համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու համար:
«Կրթական ու տարիքային ցենզը շատ ցածր է: Երբեմն չեն տարբերակում զննությունը խուզարկությունից, չեն տարբերում իրավունքներն ու պարտականությունները, իսկ համբերատար խոսքի բացակայությունը պատճառ է, որ դատարաններում կան շատ քրեական գործեր»,-նշում է փաստաբան Հայկ Հարությունյան՝ տեղեկացնելով, որ շատ դեպքերում պարեկային ծառայողն իրեն շատ ավելի վատ է պահում, քան քաղաքացին:
«Այո՛, բարեփոխումների արդյունքում շատ արատավոր երևույթներ հասարակության մեջ բացառվեցին, բայց կրթական ցենզով պայմանավորված, այսօր նրանք իրենց ծառայողական պարտականությունները կատարում են ոչ գրագետ: Արդյունքում, հիմնականում տուժում է քաղաքացին »,-նշում է մեկ այլ փաստաբան Արտուշ Հակոբյան:
Խնդիրը նոր չէ, ու այն պետք չէ կապել միայն պարեկային ծառայության հետ, նշում է Արամայիս Հայրապետյանը վստահեցնելով՝ ոստիկանությունը իշխանական գործիք է, ոչ թե պետության:
«Ոստիկանության վարքագիծը վերջերս ավելի շատ է դարձել սադրիչ, ու երբ ոստիկանը փաստաբանի է ծեծում, նրա կերպարը քաղաքացի ծեծող ոստիկանից վերածվում է փաստաբան ծեծողի: Պետությունը չունի կամք՝ իրավախախտ ոստիկանին պատժելու»,-նշեց Արամայիս Հայրապետյանը վստահեցնելով՝ ոստիկան-քաղաքացի բախման վերաբերյալ բազմաթիվ գործեր գիտի, որոնց արդյունքում քաղաքացին պատժվում է, ոստիկանը՝ ո՛չ:
Ըստ փաստաբանների՝ երկակի ստանդարտներ են գործում, դրա պատճառով քաղաքացին պատժվում է, ոստիկանը՝ ոչ։ Դրանով պայմանավորված՝ Շիրակի մարզում բռնություններն ավելացել են, ու պատշաճ արձագանք չկա ոստիկանական իրավախախտումների առումով:
Արմանուշ Մովսիսյան
Հանդիպմանը ներկա ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Կումայրի» բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմանուշ Մովսիսյանը հակադարձեց՝ միայն իրենց բաժնի կողմից վերջին 6 ամիսների ընթացքում մոտ 30 ծառայողական քննություն է իրականացվել: Արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանը բռնության է ենթարկվել և բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«Իհարկե, ոստիկանությունում կան և՛ բացեր, և՛ կարգապահական խախտումներ: Իրականացվել են ծառայողական քննություններ, ոստիկանները ենթարկվել են կարգահապահական պատասխանատվության և ազատվել են ծառայությունից: Կան թերություններ, բայց ասել, թե չեն պատժվում ոստիկանները՝ սխալ է»,-նշեց փոխգնդապետը։
Հանդիպմանը ներկա ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը նշեց՝ ոստիկանական գործողություններից տուժած քաղաքացիներ ևս կան:
Հանդիպման ընթացքում որպես բարեփոխումների կարևորագուն մարտահրավեր փաստաբանները նշեցին նաև քաղաքացիների իրազեկվածության պակասն ու ոստիկանական կառույցների մուտքերի մոտ տեսանկարանող սարքերից օգտվելու անհնարիությունը. դրանք կան, բայց նկարահանումները կամ չեն պահպանվում, կամ չեն կարող որպես ապացուց կցվել գործերին: