ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Պենտագոնի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ն Իրանին զսպելու հնարավորությունները ցուցադրելու համար ատոմային սուզանավ է ուղարկել Պարսից ծոցի տարածաշրջան: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Պենտագոնը Պարսից ծոցի տարածաշրջանում է տեղակայել «Ֆլորիդա» ատոմային սուզանավը։
Նոյեմբերի 6-ին զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ԱՄՆ-ի «Օհայո» դասի սուզանավը՝ համալրված միջուկային ուժային կայանքով և «Tomahawk» թևավոր հրթիռներով, հասել է Մերձավոր Արևելք:
Ավելի վաղ՝ ապրիլին, հաղորդվել էր, որ Իրանի ռազմածովային ուժերի «Ֆաթեհ» սուզանավը ԱՄՆ-ի «Ֆլորիդա» ատոմային սուզանավին ստիպել է ջրի մակերևույթ բարձրանալ Հորմուզի նեղուցում: Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ «Ֆլորիդա» սուզանավին անհրաժեշտ նախազգուշացումներ են արվել, ինչից հետո այն փոխել է ուղղությունը՝ չնայած այդ շրջանում սուզանավի բացակայության մասին ԱՄՆ-ի հայտարարություններին: